Լևոն Մարկոս.«Սրիկաների և երախտամոռների ժամանակը անցել է. ես հավատում եմ նոր Հայաստանի ապագային»

13 января, 2020 - 00:50

Հարգելի գործընկերներ, ներկայացվող հոդվածն ամփոփում է ՀՀ նախկին իշխանությունների կողմից տարիներ շարունակ թալանի և հալածանքների ենթարկված հայ մարդու՝ մոսկվաբնակ ճանաչված գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Մարկոսի կյանքի ոդիսականը: Գործարարը լի է մեծ զարթոնք ապրող իր հայրենիքի շենացմանը մասնակից դառնալու մեծ հույսերով և  ակնկալիքներով:

Ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված գործարար և բարերար Լևոն Մարկոսի անունը երկար ու ձիգ տարիներ հաճախակի էր հայտնվում զանգվածային լրատվամիջոցների գլխագրերում: Հայաստանյան նախկին իշխանական մամուլի հլու հնազանդ կամակատարները ստրկամտորեն կատարելով օրվա տերերի հրահանգները՝ անխնա ցեխ ու աղտեղություն էին շպրտում Ռուսաստանում իր արդար քրտինքով մեծ հաջողությունների հասած և լայն հանրության համակրանքը վայելող անվանի գործարարի հասցեին՝ հանիրավի պախարակելով և անվանարկելով մարդու բարի համբավն ու անունը՝ նրան անվանելով խարդախ, խաբեբա և այլն և այլն: Քար համբերություն, երկաթյա կամք և առողջություն  պետք է ունենար մարդը՝ դիմակայելու համատարած ստին և կեղծիքներին, որոնք հրահանգավորվում էին նախկինների կողմից ավազակաբար զավթված Հայաստան պետության ամենավերին էշելոնում բախտի բերմամբ հանգրվանած մարդակեր ոհմակի կողմից:

Լևոն Մարկոսի պարագայում՝ նրանց նպատակը եղել է մեկը` խաղալ մարդու ամենանվիրական զգացմունքի՝ հայրենասիրության հետ և նրա հոգում օրհասական ժամանակներ ապրող Հայրենիքին օգնության ձեռք մեկնելու պատվախնդրություն առաջացնելով՝ անազնիվ ճանապարհով, ստի և կեղծիքի գնով ձեռք գցել նրա փողերը, ունեցվածքն ու գայլային օրենքներով դրանք մեջ-մեջ անել:

Բայց երախտամոռների և ապերախտների հիշողությունը շատ կարճ է, քանզի վաղ թե ուշ գալիս է նաև հատուցման ժամը և արված գործերի համար պատասխան տալու ժամանակը:

Լևոն Մարկոսը 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը ուշի ուշով հետևած սփյուռքի մեր միլիոնավոր հայրենակիցներից առաջիններից էր, որ ողջունեց այդ աննախադեպ իրադարձությունն ու օրեր անց շնորհավորական ուղերձով դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Հարգելի պարոն Փաշինյան, մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ ընդունեցի Ձեզ ՀՀ վարչապետ ընտրելու մասին տեղեկատվությունը: Այսպիսով, հայ ժողովուրդը Ձեզ է վստահել պետության կառավարման սանձերը: Եվ մենք, հայ սփյուռքի ներկայացուցիչներս, լիահույս ենք, որ Ձեր ղեկավարության ներքո ՀՀ կառավարությունն ի զորու կլինի լուծում տալ ներքին հիմնախնդիրներին, կարգավորել Հայաստանի և Արցախի անվտանգությանն առնչվող հարցերը և արժանվույնս դիմակայել ընթացիկ երկրաքաղաքական մարտահրավերներին: Մասնավորապես, մեծապես ակնկալում ենք, որ հնարավոր կլինի ամրապնդել ու զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային, գործընկերային և ռազմավարական փոխգործակցությունը, քանզի այն շարունակում է չափազանց կարևոր մնալ երկու կողմերի համար էլ՝ և Հայաստանի, և Ռուսաստանի: Մեր կողմից, ռուսաստանյան միլիոնանոց հայության ներկայացուցիչներս պատրաստ ենք ուժերի ներածին չափով ծառայել նախանշված նպատակների արդյունավետ իրականացման, բազմակողմանի փոխշահավետ համագործակցության գործին: Կարծում ենք, շատ կարևոր է նաև, գործելով գրագետ, օրինական և միաժամանակ՝ սկզբունքային եղանակով, հասնել բազմամիլիոն գումարների ու միջոցների երկիր վերադարձմանը՝ այն գումարների ու միջոցների, որոնք անցած տարիների ընթացքում լկտիաբար յուրացվել են նախկին իշխող ռեժիմի կողմից: Անհրաժեշտ է իրենց հակաժողովրդական գործողություններով արատավորած այդ անձնավորություններին զրկել նշված գումարներին ու միջոցներին հետագայում էլ տիրապետելու հնարավորությունից: Թող որ ժողովրդից և պետությունից հափշտակածը կրկին ծառայի ժողովրդին և պետությանը: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարոն Փաշինյան, ՀՀ վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեհաջողություն և Ձեր բոլոր ազնիվ ձեռնարկումների ի կատար ածում: Հարգանոք՝ Լևոն Մարկոս, ք. Մոսկվա, 08 մայիսի 2018 թ.»:

Ինչպես նկատեցիք, Շնորհավորական ուղերձում Լևոն Մարկոսը մի քանի անգամ անուղղակիորեն ակնարկում է նաև իր անձի հետ կատարված անարդարությունները՝ նշելով նախկին իշխող ռեժիմի կողմից լկտիաբար յուրացված գումարները:

Իսկ ինչ էր տեղի ունեցել իրականում: Այստեղ մի փոքր ընդմիջենք և համառոտակի ծանոթանանք 2017-ի սկզբներին Լևոն Մարկոսի կողմից  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Բաց նամակի բովանդակությանը:

Նամակագիրը նախ ներկայացնում է թե ինչպես 2000-ականների սկզբներին այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերջինիցս նախագահի աթոռը ժառանգած Սերժ Սարգսյանը, ով այն ժամանակ զբաղեցրել է պաշտպանության նախարարի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, և սրանց կամակատար-մանկլավիկները, խաղալով իր հայրենասիրական զգացումների հետ՝ ներգրավել են իրեն Հայաստանի տնտեսության փրկության գործին, որի արդյունքում՝ արդեն իսկ Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում հայրենիքին օժանդակած գործարարը նոր ներդրումներ է կատարել: Մասնավորապես, ըստ նամակագրի, Սերժ Սարգսյանի կողմից առաջարկվել է գնել որոշ հայկական գործարաններ, ֆաբրիկաներ եւ այլ ձեռնարկություններ, որոնք այդ պահին արդեն փակ էին եւ չէին ներկայացնում որեւէ գործարար հետաքրքրություն, ապա նաեւ առաջարկվել է գնել «Կրեդիտ-Երեւան» սնանկացած բանկը: Այս ամենի արդյունքում հայ գործարարը Ռուսաստանում սառեցրել էր իր հեռանկարային բիզնես նախագծերը, վարկեր էր վերցրել ռուսաստանյան բանկերից ու Հայաստանում ներդրել մոտ 300 միլիոն դոլար` ձեռք բերելով իրեն առաջարկված, և ինչպես արդեն նշեցինք, որեւէ գործարար հետաքրքրություն չներկայացնող օբյեկտները:

Նամակում Լեւոն Մարկոսը ՀՀ բարձրագույն ղեկավարությանն ու մի քանի այլ բարձրաստիճան անձանց մեղադրում է խաբերությամբ իրեն ունեզրկելու մեջ և հորդորում է վերականգնել իր ունեցվածքը:

Լևոն Մարկոսի պնդմամբ՝ Հայաստանում իրեն կողոպտել են, խլել բիզնեսները, իսկ ապա իրեն լռեցնելու և Հայաստանի ճանապարհը մեկընդմիշտ մոռանալու համար քրեական գործ են հարուցել և իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել: Գործարարը երկար տարիներ հնարավորություն չի ունեցել ոտք դնել իր հայրենիքում, ազատորեն շրջել իր համար այնքան պաշտելի Երևանի փողոցներով, շփվել իր ընկերների և հայրենակիցների հետ:

ՌԴ իրավապահ մարմինները մերժել են ապօրինի հարուցված քրեական գործով Լևոն Մարկոսին Հայաստան էքստրադիցիայի ենթարկելու՝ ՀՀ իրավապահ մարմինների պահանջը, որից հետո այդ քրեական գործը ՀՀ-ից ուղարկվել է Ռուսաստան, այնտեղ կատարվել է նախաքննություն՝ արդյունքում ապացուցվել է իր անմեղությունը և կարճվել քրեական գործի վարույթը: Դրանից հետո Հայաստանում հարուցվել է նոր քրեական գործ:

Այժմ, երբ իշխանություն է փոխվել և Սերժ Սարգսյանի իշխանությունն ու կոռումպացված համակարգն արդեն անցյալում են, Լևոն Մարկոսը 2018-ին ժամանել էր Հայաստան՝ արդարություն փնտրելու հույսով: Նա քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող և առերեսվել Սերժ Սարգսյանի հետ։

- Իմ գործի էությունը պարզ է,-ասաց Լևոն Մարկոսը։ Երկրի նախորդ ղեկավարները իմ օբյեկտները խլել են ու տվել են իրենց բարեկամներին կամ մերձավորներին, հիմա տեսնում եմ առաջընթաց քրեական գործով: Տեսնում եմ Հատուկ քննչական ծառայության կողմից ճշմարտությունը բացահայտելու ցանկությունը:

Միանգամից ասեմ, որ ես հավատում եմ նոր Հայաստանի ապագային, փառք ու պատիվ Նիկոլ Փաշինյանին, որ մեր կեղեքված, տասնամյակներ շարունակ հանիրավի թալանված և նվաստացուցիչ պայմաններում գոյատևող ժողովրդին բերեց փրկության այս հանգրվանն ու մարդկանց ազատագրեց նորանոր կեղեքումներից և հին, նեխած ռեժիմի չար շնչից: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ես, այլև իմ շատ համախոհներ կգանք, ներդնումներ կանենք մեր հայրենիքում, ինչը ինքնաբերաբար կհանգեցնի տնտեսական կայունացման և Հայաստանի հզորացմանը:

- Ես երկար ու ձիգ տարիներ ապրել և աշխատել եմ Ռուսաստանում, բայց հոգով ու սրտով մշտապես եղել եմ Հայաստանի հետ, ամենադժվարին պահերին օգնության ձեռք եմ մեկնել Հայրենքիս փրկության գործի համար, և  ուղնուծուծով ինձ համարում եմ երևանցի տղա,-խոսքը շարունակում է Լևոն Մարկոսը: Հարթ ու դյուրին չեն եղել վերելքներն ու ձեռքբերումներն իմ կյանքում, ինչի որ հասել եմ, հասել եմ իմ աշխատասիրության, համառության, շիտակության և կյանքի չգրված օրենքները հարգելու և դրանք չոտնահարելու իմ բնավորության շնորհիվ: Հայ մարդուն բնորոշ այս գծերը ժառանգել եմ արևմտյան Հայաստանից գաղթած իմ պաշտելի ծնողներից և նույնքան պաշտելի տատ ու պապերից: Հպարտ եմ, որ ես ինքս վերականգնել և կրում եմ Մարկոս պապիս ազգանունը: Հպարտ եմ, որ մայրական պապս, ում աքսորեցին Սիբիր և նա այնտեղ կնքեց իր մահկանացուն, եղել է հայ մեծագույն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ուսուցիչը, հպարտ եմ, որ խորհրդային ճանաչված գրող և հրապարակախոս Մարիետա Շահինյանն իմ մորաքույրն էր, և ես առաջին անգամ գալով Մոսկվա՝ ոտք եմ դրել հենց նրա տանը:

Ես սիրում ու պաշտում եմ Հայաստանը, հպարտանում եմ լավ հայ տեսնելով, չունևոր հայ մարդուն կտամ իմ վերջին շապիկը, բայց արդեն երկար տարիներ իմ ուղեղում չի տեղավորվում այն միտքը, թե ինչպես կարող է հայ մարդը, այն էլ բարձր պաշտոն զբաղեցնող մարդը, երկրի նախագահը, դավաճանել, ամենաստոր կերպով ուրանալ իր հայրենակցի ազնվագույն արարքն ու աչք տնկել նրա ունեցվածքին, փողի համար սպանել իր ազգին...

Անչափ հետաքրքիր և բովանդակալից կյանք ապրած Լևոն Մարկոսի՝ Հայրենիքին և մեր սահմանների պաշտպանությանը ցուցաբերած ֆինանսական և նյութական աջակցությունները ամենայն հարգանքի և գնահատանքի են արժանի, բայց նա այդ մարդը չէ, չի սիրում բարձրաձայնել, ցուցամոլությունը նրա կերպարին հարիր չէ, և բարեգործություն է անում միմիայն սրտի և  խղճի թելադրանքով՝ այդ ամենը համարելով Աստվածահաճո առաքելություն և հոգու պարտք:

Ծնվել է  Երևանում, ավարտել է Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանը, ունի 4 երեխա՝ 2 աղջիկ, 2 տղա, աղջիկներից մեկը սովորում է Քեմբրիջի համալսարանում, տղաներից մեկը նույնպես պատրաստվում է Քեմբրիջ մեկնել:

Լևոն Մարկոսը 90-ականների սկզբներին եղել է Ռուսաստանում կոոպերատիվների միության հիմնադիրն ու առաջին նախագահը, զբաղվել են կոշկագործությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ, այդ բնագավառներում մեծ հաջողությունների հասել՝ արտադրանքն իրացնելով նաև արտասահմանյան երկրներում: Հետագա տարիներին ընդլայնել է գործարարության ճյուղերն ու ծավալները և այսօր, որպես տարիների իր փորձառությամբ ու վաստակով անուն հանած հուսալի գործընկեր, նրա հետ հաշվի են նստում ռուսաստանյան ամենահեղինակավոր ընկերություններն ու կազմակերպությունները:

Լևոն Մարկոսը հովանավորում է տարիներ առաջ Մոսկվայում հիմնված Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը: Կազմակերպության նպատակները բազմաթիվ են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործունեության ծավալում, անվտանգության բնագավառում ռուս-հայկական հարաբերությունների ուժեղացում, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական, քաղաքական, սոցիալական և մշակույթային համագործակցության զարգացում: Կենտրոնն իր գործունեության մեջ նախատեսում է միավորել Ռուսաստանի և Հայաստանի գործընկերներին, այդ թվում ՝ հայտնի ռուս և հայ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական, գիտական և տեխնիկական մտավորականության ներկայացուցիչներ, լրատվամիջոցների աշխատողներ, ձեռներեցներ, ուսանողներ, վետերաններ և այլք:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Լևոն Մարկոսը համախմբում է ռուսաստանյան երևելի գործարարներին, որպեսզի ներդրումներ կատարեն, օգտակար լինեն Հայաստանին և մեր Հայրենիքի բարգավաճմանը: Այդ նպատակով մտադիր է առաջիկայում կրկին մեկնել Հայաստան և ավելի մոտիկից տեսնել և ուսումնասիրել, թե ինչով կարող է օգնել, աշխատատեղեր բացել:

- Զարմանալի ժողովուրդ ենք, թե լավ և թե մի փոքր էլ նախատելու իմաստով,- ասում է Լևոն Մարկոսը: Աշխարհասփյուռ հայերս աշխարհի որ ծայրում ասես բիզնեսներ ենք հիմնում, հարյուր-հազարավոր աշխատատեղեր բացում, իսկ ինչու չգնալ Հայաստան և նույն բանն անել այնտեղ՝ մեր հայրենիքում, օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին և աջակիցը լինել վարչեպետ Նիկոլ Փաշինյանին, ով, իմ խորին համոզմամբ, վերին աստիճանի ազնիվ մարդ է, օբյեկտիվ և շատ խելացի: Եվ որքան  լավ է, որ նա մասնագիտությամբ լրագրող է, ամեն ինչից տեղյակ է, այս մեկուկես տարում բազմաթիվ լավ գործեր է արել, ճանապարհներ է վերանորոգել, բանակի մասին է մտածում, հասանելի է ժողովրդին, մարդիկ միշտ կարող են իրեն դիմել և անհնար է, որ ինքը չարձագանքի, չօգնի: Ինձ՝ որպես հայ մարդու, մեծապես հուզել և ուրախացրել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի հեռավոր, սահմանամերձ գյուղերի ընտանիքներին և երեխաներին պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու քայլը, որը նաև օրենքի ուժ ստացավ: Եվ չգիտես ինչու որոշ մարդիկ չեն տեսնում կամ էլ չեն ուզում տեսնել նոր Հայաստանի օրեցօր նորացող դեմքը և զգալ մեր հայրենիքի նոր շունչը: Ես իմ հայրենակիցներին կոչ եմ անում հանել բոլոր դիմակները, աջակից լինել Նիկոլ Փաշինյանին, կանգնել նրա կողքին և որպես հայ մարդ լծվել մեր հայրենիքի շենացմանը: Պատմության անիվն այլևս ետ չի դառնալու, նախկինների նավը խորտակվել է, և երբեք մի մոռացեք՝ սրիկաների և երախտամոռների ժամանակը անցել է: Ես հավատում եմ նոր Հայաստանի ապագային, հպարտ եմ, որ հայ եմ, և ինչպես ապրածս կյանքը, այնպես էլ Աստծո կողմից ինձ տրված մնացյալ ժամանակը պիտի ծառայեցնեմ բարիքներ ստեղծելուն և ուժերիս ներածին չափով Հայրենիքիս օգնելուն:

Արամ Խաչատրյան

Մոսկվայի Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի թղթակից

Комментарии

Господин Маркос, задумайтесь над вопросом, который задает сейчас вся Армения:
ПОЧЕМУ СЕРЖ САРКИСЯН НЕ АРЕСТОВАН??? Почему пророссийский Кочарян в тюрьме, а эта ушастая проамериканская сволочь до сих пор на свободе?

Добавить комментарий

Plain text

  • HTML-теги не обрабатываются и показываются как обычный текст
  • Адреса страниц и электронной почты автоматически преобразуются в ссылки.
  • Строки и параграфы переносятся автоматически.
CAPTCHA
Тест для фильтрации автоматических спамботов
Target Image